17-11-2016 08:58

«Միայնակ Գայլը»՝ Արայիկ Խանդոյանը, ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խափանման միջոց կալանքի ժամկետը:

Այս մասին ասաց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը. «Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ, իսկ պաշտպանական կողմի գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժվեց»:

Պաշտպանը հայտնեց, որ դատական նիստի ավարտին ելույթով հանդես է եկել Արայիկ Խանդոյանը, ով իր խոսքում նշել է, որ ինքը ցանկանում էր գնալ այնպիսի դատարան, որտեղ կզգար, որ արդարադատության դուռն է գնացել:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 11-ին Արայիկ Խանդոյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից, որը պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով և 238-րդ հոդվածի 4-րդ 1-ին և 2-րդ կետերով ՝ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը կազմակերպված խմբի կողմից և կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Հիշեցնենք, որ բացի այս մեղադրանքները, Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):