Բավ է պառակտվել
24-06-2014 15:14

Արամ Մանուկյանը քննադատում է երիտասարդներին ծեծած ոստիկաններին

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում պայքարողներ կան, ինչի վառ ապացույցը երեկ էլեկտրաէներգիայի դեմ պայքարի դուրս գալու իրողությունն է:

«Ես երեկ ոստիկանների վրա զարմացել եմ, ասում էի՝ լավ, նրանք չեն հասկանո՞ւմ, այսօր Ստրասբուրգում տեղի է ունենում խորհրդակցություն և այլ կարևոր իրադարձություններ, ու նրանք 26 քաղաքացու ծեծելով տանում են ոստիկանություն: Քթի ծակ պետք է ունենալ հասկանալու համար, որ նման բաները վնասում են երկրին: Վնասն այդ երիտասարդներինը չէ, վնասը Հայաստանինն է»,-այսօր կայացած ասուլիսին ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ իշխանությունն աշխատում է ոչ թե գիտակցության վրա, այլ բնազդի վրա: «Երբ փողոցում բոլորիս շահերը պաշտպանող երեխեքին ծեծում են, նշանակում է, որ մենք բազմոցային, ֆեյսբուքային ընդդիմություն ենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ Արամ Մանուկյանն ավելացրեց. «Ես գազի հանձնաժողովին մասնակցեցի նրա համար, որ իշխանությունները համոզվեն, որ ես ճիշտ եմ: Գազի գնի մեջ այլանդակությունները շատ են, հոսանքի մասին էլ չենք խոսում, սա պարզապես թալան է: ՀԷՑ-ի այս թանկացումը անհիմն է, անարդար է, հիմնավորված չէ»: