29-07-2014 14:26

Մասնագետները մտահոգված են Արամ Մանուկյանի բնակարանի պահպանության խնդրով

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում իրենց մտահոգությունները ներկայացրին հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի բնակարանի պահպանության խնդրի և տուն-թանգարանի ստեղծման շուրջ պատմաբան «Զորավար» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և պատմական գիտությունների թեկնածու, «Արամ Մանուկյան» մենագրության հեղինակ Արմեն Ասրյանը: Արամ Մանուկյանի 135-ամյակի առթիվ նրանք դիմում են ներկայացրել ՀՀ իշխանություններին նրա տուն-թանգարանը ստեղծելու համար:
«Այս մտահոգություններն այսօր չեն ծնվել: Ցանկացած երկիր իր պետության մեջ իր պետությունը ստեղծողի տունը կհարգեր, այն կդարձներ թանգարան: Իսկ այսօր Արամի տանը ծառեր են աճել ներսում, որոնք հասել են մինչև երկրորդ հարկ»,- ասաց Տիգրան Պետրոսյանցը: Նշենք, որ տունն ընդգրկված է «Հին Երևան» ծրագրում, Սակայն Տիգրան Պետրոսյանցն այսօր հայտարարեց, որ իրենք առաջարկում են այդ տունը հանել այդ ծրագրից: Իր հերթին Արմեն Ասրյանն էլ նկատեց, որ երբ խոսում են Արամ Մանուկյանի կամ հայոց պետականության մասին, պետք է պատմությունն ուսանել: «Իր կատարած գործունեության համար Արամ Մանուկյանին կարող ենք համարել Առաջին հանրապետության հիմնադիր: Նա այն գործիչն է, որ զուտ խոսքերով չի գործել»,- ասաց նա և հավելեց, որ Արամ Մանուկյանն այն գործիչն է, որ Առաջին հանրապետության դժվար տարիներին կարողացավ համախմբել ժողովրդին։ «Իսկ ժողովուրդը նրան հավատում էր, նա անում էր այն, ինչ ասում էր, նրա կենցաղը հասարակ երևանցու կենցաղից չէր տարբերվում: Նրա մահվանից հետո թաղման ծախսերը հոգաց պետությունը»,– ընդգծեց բանախոսը: