23-09-2014 14:17

Արամ Ա-ն խստորեն դատապարտել է Դեր Զորում հայկական եկեղեցու ավերումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Դեր Զորում հայկական եկեղեցու ավերումը. համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արամ Ա-ի Facebook-ի էջում:
Ըստ այդմ՝ վեհափառ հայրապետին հասած տեղեկությունով՝ դա ծրագրված ոճիր է եղել, որի հետևանքով ոչնչացվել է ոչ միայն Սրբոց Նահատակաց եկեղեցին, այլև դրան կից թանգարանն ու համալիրը:
Արամ Ա-ն խստորեն դատապարտել է այդ ոճրագործությունը՝ նշելով. «Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին եւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 23-րդ տարեդարձի օրը կատարուած այս ոճիրը, մենք կը նկատենք բարբարոսային արարք մը: Այս ոճիրին ետին գտնուող ձեռքերը թող իմանան, որ մեր նահատակներուն յիշատակը եւ յանուն արդարութեան մեր ժողովուրդին պայքարը խորհրդանշող Տէր Զօրը, որպէս Հայոց Ցեղասպանութեան նահատակներու սրբավայր, կարելի չէ քանդել մեր ժողովուրդի հաւաքական յիշողութեան մէջ»:

Արամ Ա-ն այսօր հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի և Աթենքի ու համայն Հունաստանի Արք. Երոնիմոս Բ-ի հետ, որոնց ընթացքում անդրադարձել է Դեր Զորի եկեղեցու ավերմանը:  
Վեհափառ հայրապետը կոչ է հղում պետական քաղաքական ու կրոնական պատասխանատուներին՝ խստորեն դատապարտելու այս արարքը և դրա վրա օտար շրջանակների ուշադրությունը հրավիրելու: