09-07-2018 22:05

Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։

Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, հրաժարականը կապված է Վարդայանի` պաշտոնական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:

Ըստ սահմանված կարգի, դիմումը պետք է ուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:

««Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հանրապետության նախագահը գտնում է, որ երրորդ հանրապետության ծնունդից ի վեր Հիմնադրամը կարևոր և օգտակար ծրագրեր է իրականացրել՝ իր շուրջը համախմբելով ազգային և հոգեւոր կառույցների, բարերարների և հարյուր հազարավոր անհատների: Ուստի, Հիմնադրամը դեռևս առաքելություն ունի իրագործելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կյանքում»,– ասվում է հաղորդման մեջ։
Սակայն նշվում է նաև, որ Հիմնադրամը կարիք ունի կազմակերպական և կոնցեպտուալ նոր մոտեցումների, որոնք առավել կբարձրացնեն նրա արդյունավետությունը, վստահությունը և կշիռը:

Հաղորդման մեջ հիշեցվում է, որ Հանրապետության նախագահը Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` մայիսի 25-ի նիստում 3 ամիս ժամանակ էր տվել ներկայացնելու Հիմնադրամի արմատական բարեփոխումների առաջարկներ:

«Ըստ այդմ, նախագահ Արմեն Սարգսյանը հույս ունի, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը և դրանից դուրս կգա նորացված՝ արժանի Նոր Հայաստանի ձգտումներին եւ մարտահրավերներին»,– նշվում է հաղորդագրությունում։