Բավ է պառակտվել
12-03-2015 09:33

Գլենդեյլը 2015թ. ապրիլը Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է հայտարարել

Ամերիկյան Գլենդեյլի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի նախաձեռնությամբ, հռչակագիր է ընդունել, որով ընթացիկ տարվա ապրիլը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս: 
Խորհուրդը նաև ընդունել է բանաձև, որը պահանջում է, որ Գլենդեյլի դպրոցներում, թանգարաններում ու գրադարաններում Ցեղասպանության վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացվի: 
Նշվում է, որ Քաղաքային խորհրդին պատկանող բոլոր հաստատություններում Ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք է հավուր պատշաճի նշվի:
Ընդունված փաստաթղթում Գլենդեյլի իշխանությունները նաև կոչ են անում ԱՄՆ-ի նախագահին ջանք չխնայել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին օգնելու Ցեղասպանության փաստն ամբողջովին ընդունելու ու հայ ժողովրդին փոխհատուցելու հարցերում: 
Հայտնի է, որ ընդունված բանաձևի կրկնօրինակները փոխանցվելու են ԱՄՆ-ի նախագահին, փոխնախագահին, Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: