Բավ է պառակտվել
10-03-2015 11:15

ԼՂՀ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց ադրբեջանցի դիվերսանտների դատավճիռը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերաքննիչ ատյանի դատարանն այսօր՝ մարտի 10-ին, անփոփոխ թողեց ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի դատավճիռը: Այս մասին ասաց Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը: Նշենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովը դատապարտել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։