04-11-2014 13:35

Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ուշացումով չեն հասնում դեպքի վայր.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Իրավաբանական ծառայության բաժնի պետ Սամվել Աղախանյանը համոզմունք հայտնեց, թե որպեսզի ԱՊՊԱ պայմանագիրը պատշաճ սպասարկվի ապահովագրական ընկերության կողմից, պետք է սպառողները մի քանի հանգամանքի վրա ուշադրություն դարձնեն: «Հայաստանում արդեն չորս տարի է գործում է ԱՊՊԱ համակարգը, և այդ ընթացքում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշակի ընդհանրացումներ է կատարել, արձանագրել է այն հիմնախնդիրները, որոնց հաճախ են հանդիպում սպառողները», նշեց բանախոսն ու հավելեց. «Խորհորդ եմ տալիս ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս նախ ուշադրության դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում որպես պայմանագիր, ուշադիր լինեն, որ ստորագրված լինի ապահովագրական ընկերությունը ներկայացող անձի կողմից: Արձանագրվել են դեպքեր, որ կեղծիքներ են եղել այս հարցի հետ կապված, քրեական գործեր են հարուցվել»:
Ասուլիսին նեկա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանն էլ նշեց, որ իրենք չեն արձանագրել այնպիսի խնդիր, որ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ուշացումով են հասնում դեպքի վայր ու խցանումներ են առաջանում: Երևանում սահմանված է 35 րոպե ժամանելու համար: «Եթե սահմանված ժամկետում ԱՊՊԱ ներկայացուցիչը ուշանում է, վարորդները պարտավոր չեն սպասել նրանց, բայց անպայման պետք է արձանագրեն, փաստագրեն վթարը, որպեսզի փոխհատուցում լինի, կամ զանգահարեն ճանապարհային ոստիկանություն»,-եզրափակեց Պարոն Ղուկասյանը: