26-12-2013 14:46

ԱՊՊԱ կտրոնը դիմապակուն փակցնելն այլևս պարտադիր չէ

Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվեց նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանված է, որ հունվարի 1-ից ԱՊՊԱ կտրոնները մեքենաների դիմապակիներին փակցնելը պարտադիր չի լինի, արդյունքում կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծը: Այն Կառավարության ուշադրությանը ներկայացրեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ով հայտարարեց, որ այդ փոփոխությունը, սակայն, չի ազատում վարորդին պարտադիր ապահովագրությունից: Պրն. Երիցյանի խոսքով վարորդը կարող է կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցնել, բայց այն պետք է ունենա, որպեսզի անհրաժեշտության դեպքում ցույց տա ոստիկաններին:
Նախագծով սահմանված են նաև այլ փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավորինս կկանխվեն ապահովագրական ընկերությունների, ապահովագրական գործակալների, փորձագետների (այլ մասնագետների) կողմից ապահովագրության բնագավառում կիրառվող խաբեությունները, որոնք ոտնահարում են ապահովադիրների, ապահովագրված անձանց և շահառուների շահերը։
Բացի այդ, վերջինների կողմից ապահովագրական կեղծիքների կանխման միջոցով կպաշտպանվեն ինչպես ապահովագրական ընկերությունների, այնպես էլ մյուս ապահովադիրների և ապահովագրված անձանց շահերը: