Բավ է պառակտվել
10-08-2016 14:09

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանմա միջոցը` թողնելով կալանքի տակ, հայտնել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Հարությունյանը վիրավորվել է հուլիսի 26-ին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ, ապա տեղափոխվել հիվանդանոց: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: Այս հոդվածներով կատարված հանցանքը պատժվում է 6-ից 12 տարի ազատազրկմամբ: Որպես խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ ընտրվել է կալանքը:

«Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով բողոքարկվում էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Երեկ թե դատավորը, թե դատախազը տեսան Հովհաննեսի վիճակը: Գամված էր անկողնուն ու ինքը պետք է խոչընդոտի՞ քննությանը, սա պարզապես ծիծաղելի է»,- ասել է Ղարագյոզյանը:

Ղարագյոզյանը նաև նշել է, որ պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։

«Պատրաստվում ենք հրատապ դիմում ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի քննի իմ պաշտպանյալի կալանավորման օրինականության հարցը», – նշել է Ղարագյոզյանը։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանւ հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Հուլիսի 31–ին «Սասնա ծռեր» զինված խումբը վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, խմբի անդամների և իրավապահների շրջանում եղել են վիրավորներ։