Բավ է պառակտվել
19-03-2014 14:41

Համբալի պես աշխատում ենք՝ սև հացի համար. Ապարանի բնակիչները շարունակում են բողոքել, ճանապարհը փակ է

Այս պահին, Երևան-Ապարան մայրուղին շարունակում է փակ մնալ: Ոստիկաններին չի հաջողվում ճանապարհից հեռացնել Արագածոտնի մարզի 7 գյուղերի հարյուրավոր բնակիչներին, որոնք պահանջում են անհապաղ դուրս բերել Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման համար բերված տեխնիկան եւ խողովակները։

Գյուղացիներից մեկը բավականին զայրացած նշել է. «Գլուխներս կախ մեր համբալի գործ անում ենք, սեւ հացի համար վաստակում, թողեք ապրենք: Երկու հատ ծառ ունենք, որ չորացնեք, ինչո՞վ պետք է ապրենք՛՛: Բնակիչները պարզապես վստահ են,որ նոր ՀԷԿ-ը այնքան ջուր կվերցնի Ապարանի ջրամբարից, որ իրենց այգիները կչորանան։ Մարզպետը փորձում է համոզել, որ ոչ մի լիտր ջուր ջրամբարից չի պակասի, եւ բնակիչները չեն տուժելու։ Բնակիչները չեն հանձնվում ու պնդում են իրենց պահանջը, ցանկանում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնել.՛՛Եթե Չինաստանում ա, թող Չինաստանից գա, եթե Ճապոնիայում ա, Ճապոնիայից գա»,- ասում են գյուղացիները: ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհհանիսյանը գյուղացիներին տեղեկացրեց, որ վարչապետն այժմ Հայաստանում չէ, իսկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեկ ժամից կլինի այնտեղ։ Այդուհանդերձ, ոստիկանները փորձում են բացել ճանապարհը: Իսկ գյուղացիներին աջակցելու համար նրանց են միացել բնապահպաններ ու ակտիվիստներ: