23-06-2015 15:02

Անկայուն երկրների ինդեքսում Հայաստանը սահմանային հորիզանականում է

Ամերիկյան «Հանուն խաղաղության» հիմնադրամը հրապարակել է «Անկայուն երկրների ինդեքս» (Fragile States Index 2015) ամենամյա վարկանիշային աղյուսակը: Այն վարկանիշային միավորներ է սահմանում աշխարհի 178 երկրների համար` հաշվի առնելով վերջիններիս կայունության մակարդակը: Մեթոդաբանության համաձայն` յուրաքանչյուր երկրի դեպքում վերջնական միավորը ստացվում է քաղաքական, սոցիալական և տնտեսական բնույթի 12 ցուցիչների, ինչպես նաև հարյուրավոր ենթացուցիչների միավորների ամբողջացման արդյունքում:

Վարկանիշային աղյուսակի տրամաբանության համաձայն` որքան ցածր է վերջնական միավորը, այնքան իրավիճակը բարվոք է տվյալ երկրում և հակառակը` որքան բարձր է միավորը, այնքան անկայունության մակարդակը ավելի բարձր է: Ըստ վարկանիշային աղյուսակի` Հայաստանը, ստանալով 69.7 միավոր, հայտնվել է 108-րդ հորիզոնականում`առաջ անցնելով 100 երկրներից, որոնց թվում են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Հայաստանը, իր ստացած հորիզոնականով, ընդգրկվել է անկայուն և հարաբերականորեն կայուն երկրների սահմանում գտնվող ենթախմբի մեջ` այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Կիպրոսը, Ղազախստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Բրազիլիան, Մալազիան, Կուբան, Ալբանիան, և այլն: Նշենք, որ հիմնադրամը Ադրբեջանի նկատմամբ արտաքին ռազմական ագրեսիայի հնարավորությունն ավելի բարձր է գնահատել, քան Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է նաև Ադրբեջանում առկա Կասպից ծովի հիմնահարցով և Իրան-Ադրբեջան բարդ հարաբերություններով: