20-09-2014 12:52

Անկախությունը պահպանելը միայն իշխանությունների գործը չէ. Է. Մինասյան

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը պատմաբան Էդիկ Մինասյանն անդրադարձավ անկախությանը: Ըստ նրա՝ Հայաստանի 23-ամյա անկախության ամենամեծ ձեռքբերումը հայկական երկու հանրապետությունների անկախացումն ու հաստատումն էր:
«Իսկապես անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի բաղձալի պատմությունն է, այդպես եղավ նաև մեր ժողովրդի հետ: Ամենամեծ ձեռքբերումներից է նաև մեր ազգային բանակի կայացումը»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ ավելացնելով, որ անկախ պետության գոյությունն ամենամեծ նվաճումն է, ու թեև կարող է նշել բացթողումներ, բայց դրանք ժամանակի ընթացքում լուծվող խնդիրներ են:
Մինասյանի խոսքով՝ ձեռքբերումները թերությունների հետ դեռևս համահունչ չեն: Բայց իբրև անկախ պետականության արժեք, պետք է գնահատել այն. «Մենք պետք է տարբերենք անկախության արժեքը կենցաղային խնդիրներից: Ինչ խոսք, թերություններ կան, բայց դրանք հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել: Իսկ այդ թերություններով անտեսել անկախությունը, ես դա ճիշտ չեմ համարում»:
Ամեն ժողովուրդ էլ կորուստներ ունեցել է անկախության ձեռքբերման ճանապարհին, բայց, ինչպես պատմաբանը նշեց, մի կողմ քաշվել և ասել, որ դա միայն պետական իշխանության գործն է, սխալ է: