Բավ է պառակտվել
22-05-2014 17:40

Անկարան քարոզչական գործողություններ է անելու, հայ մամուլը պետք է պատրաստ լինի.«Ազդակ»

Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորն է լույս տեսել. այն ամբողջությամբ նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և 100-ամյակին ընդառաջ ծրագրվող ձեռնարկներին: Պարբերականի երկու բացառիկներից մեկն ապրիլի 24-ին է նվիրված, մյուսը՝ ամփոփում է տարին: Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Ըստ նրա, բացառիկ հավելվածներ ևս տպվում են, որոնք նվիրվում են կոնկրետ օրերի: Նա նշեց, որ պարբերականն ամեն օր հրատարակվում է, ունի 10 էջ: Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ «Ազդակ»-ի ամբողջ արխիվը թվայնացված է և շուտով հասանելի կլինի:

Ազգագրագետ Հարություն Մարությանը, ում հոդվածները տպագրվում են պարբերականում, նշեց, որ այս հրատարակությունը երկար ժամանակահատվածում ուսումնասիրելու գործ է և կարևորեց, որ հրապարակվել են թե Հայաստանի, թե Սփյուռքի ներկայացուցիչների հոդվածները:

Անդրադառնալով Ցեղասպանության թեմային, Շահան Գանտահարյանը նշեց, որ դրան նվիրված աշխատանքները պետք է ուղղվեն հանրային կարծիքի ձևավորմանը:

«Քաղաքական, պատմական, իրավական շեշտադրումները պետք է հստակ լինեն 100-ամյակին ընդառաջ: Հստակ է, որ Անկարան քարոզչական գործողություններ է անելու, որին պետք է պատրաստ լինի հայ մամուլը: Անպայման պետք է նկատի ունենալ թուրքական գործոնի ակտիվացումն ամբողջ տարածաշրջանում: Թուրքիան ժխտողական քաղաքականություն կիրառելու լուրջ արգելքների առաջ է Լիբանանում: Ժխտողականությունը դասական առումով ենթահող չունի, բայց ադրբեջանական հարցում թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի արդյունքները զգալի են»,- ասաց նա:

Ըստ Շահան Գանտահարյանի շեշտադրումը պետք է լինի հատուցման և դրա իրավական ծրարի մշակման վրա: Նա նկատեց, որ Թուրքիայի կողմից կա բառապաշարի և մոտեցման փոփոխություն, բայց նախապայմանի քաղաքականությունը չի փոխվել:

«Իմիտացիոն, իբրև թե խաղաղասիրական քայլերը ուզում են ցույց տալ, որ իրենք քայլ անում են, գնդակը հայկական կիսադաշտում է: Պատահական չէ, որ Էրդողանի հայտնի ցավակցությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը սկսեց խոսել Մադրիդյան սկզբունքների մասին՝ շախկապելով հայ-թուրքական հարաբերությունների և Արցախի հարցերը»,- հավելեց նա: