Բավ է պառակտվել
30-07-2014 14:47

Համանախագահները կոչ են անում թուլացնել լարվածությունն ու զերծ մնալ հրադադարի խախտման դեպքերից

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն անդրադարձել է Քարվաճառի շրջանում գերի ընկած ադրբեջանցիներին և նշել, որ որոշ ժամանակ առաջ երեք ադրբեջանցիներ Քարվաճառի շրջանում հատել են շփման գիծը, նրանցից երկուսը ձերբակալվել են, իսկ երրորդը՝ սպանվել:
Կասպշիկի խոսքով՝ նման գործերով միշտ զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որի ներկայացուցիչները հուլիսի 26-ին հանդիպել են երկու ձերբակալվածների հետ, նրանցից նամակներ են վերցրել՝ հարազատներին հանձնելու համար, և աշխատում են երրորդ ադրբեջանցու դին ընտանիքին վերադարձնելու ուղղությամբ: «Անձնական ներկայացուցչի գրասենյակն ուշադրությամբ հետևում է իրադարձությունների ընթացքին և մշտական կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ: Մենք համանախագահներին և Մինսկի խմբին տեղեկացնում ենք իրադարձությունների զարգացումների մասին»,-ասել է Կասպշիկը:
Անդրադառնալով շփման գծում վերջին օրերին գրանցված լարվածության մասին հարցին՝ Կասպշիկը հիշեցրել է, որ հուլիսի 22-ին Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և անհանգստություն են հայտնել լարվածության և բռնության դեպքերի աճի, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանին քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ: «Համանախագահները կողմերին կոչ են արել խուսափել զոհերից և չհարձակվել գյուղերի և քաղաքացիական բնակչության վրա: Համանախագահները նաև կոչ են արել թուլացնել լարվածությունն ու զերծ մնալ հրադադարի խախտման դեպքերից»,-ասել է Կասպշիկը: