Բավ է պառակտվել
07-05-2015 16:30

Անի Զախարյանի պարզաբանումը «Քրիստոս TV»-ի բացման առիթով

Օրերս «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը բացել է ինտերնետային՝ «Քրիստոս TV» հեռուստատեսությունը: Տեղական Զլմ-ների  հետ զրույցում Ա. Զախարյանը պարզաբանել է, որ այդ հեռուստատեսությունը բացելու նախաձեռնությունը միայն իրենը չէ. «Ունենք Հայկազուն Առաքյալ գործիչ, որը հիմա գտնվում է Ֆրանսիայում, և Ավետիս Կալայջյանը, որ Մարտական խաչի առաջին ասպետն է, ժամանակին այստեղ՝ Հայաստանում, քաղաքական գործունեություն էր ծավալել, հոգևոր քաղաքական գործիչ է, և, քանի որ դուրս է եկել իշխանությունների դեմ, ինչ-որ փոքր դրդապատճառով դարձել է քաղբանտարկյալ, որին հետագայում ուղարկել են Ֆրանսիա»: Ա. Զախարյանի խոսքով՝ քանի որ մեր երկրի առջև ծառացած խնդիրներն արդեն հասել են կրիտիկական այն մակարդակի, որ ցանկացած բողոքի ձայն միանգամից լիկվիդացնում են ձերբակալության միջամտությամբ, ապա իրենք որոշեցին հոգևոր-քաղաքական թեմաներով հեռուսատեսություն հիմնել. «Դրա համար որոշեցինք հոգևոր, քաղաքական, մշակութային թեմաներով մի նոր ինտերնետային հեռուստատեսություն հիմնել և անունը դնել «Քրիստոս TV»՝ որպես փրկության օղակ, որպես արարչի միջամտություն, հավատի առկայության կրկին վերականգնում՝ մեր հասարակությանն ուղղորդող ինչ-որ ուժ հանդիսանալու համար: Զուտ այդ առումով ընտրեցինք այդ անվանումը»: Հարցին՝ որևէ կրոնական կազմակերպություն կանգնած չէ՞ այս ամենի հետևում, կամ աջակցո՞ւմ է Ձեզ, Ա. Զախարյանը պատասխանել է, որ բացարձակապես ոչ ոք կանգնած չէ այս ամենի հետևում: Մեր նպատակն է՝ հեռուստաընկերության եթերի միջոցով վեր հանել բոլոր այն կողմերը, որոնք չեն հեռարձակվում այսօրվա հեռուստաընկերություններում, որոնք գիտենք՝ ում են սպասարկում՝ կա՛մ իշխանությանը, կա՛մ կեղծ ընդդիմությանը»: