Բավ է պառակտվել
12-03-2014 14:27

Առաջիկա կիրակին, ըստ Մեծ պահքի «ոսկե շղթա»-ի կոչվում է «Անառակի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը տեղեկացրեց, որ Մեծ պահքի «ոսկե շղթա»-ի առաջիկա կիրակին կոչվում է «Անառակի». ««Անառակի կիրակին», մեզ ևս մեկ անգամ խորհրդածելու առիթ է տալիս, որ մենք, հանցավոր լինելով հանդերձ, պետք է մտածենք ապաշխարելու մասին: «Անառակի կիրակիի» խորհուրդը նշանակում է, որ մարդը, մեղսագործ լինելով հանդերձ, պետք է կանգնի Աստծո առաջ: Անկեղծ, մաքուր, զուլալ, ապաշխարության դեպքում Հայր Աստված կամ Հիսուս Քրիստոս ներողամիտ է մեր նկատմամբ»,-ասաց նա ու հավելեց «Անառակի կիրակին առաջացել է Անառակ որդու վերադարձը հայտնի առակից. Դա նշանակում է, որ եթե մեկը դարձի է գալիս, ապաշխարում է, պետք է ուրախանանք դրանից»: Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալըստյան, Ծաղկազարդի` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:

Բարեկենդան (մարտի 2) նշանակում է բարի կենդանություն, այսինքն` աշխարհիկ իմաստով` ուրախություն, վայելք, իսկ հոգևոր իմաստը մեզ հիշեցնում է դրախտային երանական այն կյանքը, բարի կենդանությունը:
Արտաքսման կիրակին (մարտի 9) խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դա-տապարտվեցին քրտնաջան աշխա-տանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու: Անառակի կիրակին (մարտի 16) այսպես է կոչվում, որովհետև Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է անառակ որդու մասին: Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալու և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու: Հայրը պատրաստ է ներելու զղջացողին և արժանացնելու նախկին փառքին ու պատվին:
Տնտեսի կիրակին (մարտի 23) այսպես է կոչվում, որովհետև Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է, թե ինչպես մի մեծահարուստ գովասանքի է արժանացնում իր անիրավ տնտեսին, որը հնարամտությամբ օգտագործում է իրեն վստահված նյութական հնարավորությունները` կարգավորելով իր կյանքի հետագա ընթացքը: Մենք այս աշխարհում Աստծու կողմից տնտես ենք նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինենք մեր հնարավորությունները` անիրավ տնտեսից տարբերվելով նրանով, որ այդ հնարավորությունները պարտավոր են օգտագործել ո՛չ թե ի շահ անձնական բարեկեցության, այլ՝ ի շահ անանձնական բարիքի:
Անիրավ դատավորի կիրակի (մարտի 30) օրվա խորհուրդը վերցված է Ավետարանից: Մարդ հաճախ հայտնվում է Անիրավ դատավորի առակի դատավորի դերում, պատահում է նաև հակառակը, երբ նույն մարդը հանդես է գալիս այրի կնոջ փոխարեն: Հիսուսն այս առակով ցույց է տալիս, որ պետք է նմանվել այրի կնոջը, որն առանց ձանձրանալու աղոթք մատուցեց Աստծուն, հարատևորեն հետապնդեց իր դատը` ակնկալությամբ և վստահությամբ, որ մի օր հնարավոր կլինի վերագտնել կորցրածը և անտեսված իրավունքը:
Գալստյան կիրակին (ապրիլի 6) եզրափակում է Մեծ պահքի «ոսկե շղթան»: Սրանով քրիստոնեական Եկեղեցին իր հավատացյալներին հրավիրում է ըմբռնելու Քրիստոսի Երկրորդ գալուստի խորհուրդը: Քրիստոսն Իր առաջին գալուստով քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, իսկ Երկրորդ գալուստով պիտի մեղավորներին դատի և արդարներին երկնքի արքայությանն արժանացնի:

Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը (ապրիլի 13), որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն»:
Հարկ է նշել, որ Մեծ պահը սկսվել է մարտի 3-ից ու կշարունակվի 48 օր, մինչև Սուրբ Հարության տոնը՝ ապրիլի 20-ը: