25-02-2014 11:22

Ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել. Անահիտ Բախշյան

՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն անրադարձել է մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպություններին: Նա հայտարարություն է տարածել , որով անրադառնում է խախտումներին:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Վերջերս շատ խոսեցինք այն մասին, որ 2014թ. հունվարի 13-17-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու եւ ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են իրականացվել Երեւանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում, եւ տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից հետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը հետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միեւնույն հարցի մասին առաջին եւ երկրորոդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են:

Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երեւանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են 3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում եւ տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետեւ տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին կարագ ու կաթնամթերք են մատակարարում հետեւյալ ընկերությունները` «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած կարագը 20-25 կգ տարայով չի եղել եւ չի համապատասխանել տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են` «Անանո» ՍՊԸ-ն եւ «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված 5-14 սմ-ից փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երեւացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, եւ ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում եւ Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ կշռվեց հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երեւանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երեւանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը եւ քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետեւողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները:

Տա Աստված` սխալվեմ»: