Բավ է պառակտվել
15-04-2014 17:12

Դպրոցներում և ԲՈՒՀ-երում հարկավոր է անցնել ՛՛Պարոն՛՛ և ՛՛Տիկին՛՛ դիմելաձևին. Ա.Բախշյան

Երեւանի ավագանու ՛՛Բարեւ Երեւան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պատկան մարմիններին կոչ է անում գործնական քայլեր ձեռնարկել ուսումնական հաստատություններում հայեցի դիմելաձեւերին, ավելի ստույգ՝ ՛՛պարոն՛՛ և ՛՛տիկին՛՛-ին անցնելու ուղղությամբ:

Հայտարարությունում ասվում է.

՛՛Ծաղկազարդին գնացել էի եկեղեցի եւ այնտեղ հանդիպեցի իմ նախկին աշակերտներից մի քանիսին, ովքեր ինձ դիմեցին «ընկեր Բախշյան», զարմացա, որովհետեւ իմ դպրոցում եղած ժամանակ ընդունված դիմելաձեւը «պարոն» եւ «տիկին» էր: Բոլորս գիտենք, որ հատկապես դպրոցներում, մանկապարտեզներում եւ նույնիսկ որոշ ԲՈՒՀ-երում շարունակվում է ընդունված մնալ «ընկեր» կամ անուն հայրանունով դիմելաձեւը, որովհետեւ երեխաներից ու ուսանողներից այդպես է պահանջվում: Ինչի՞ մասին է խոսում այս փաստն այն դեպքում, երբ առնվազն լրատվությամբ թե՛ բուհերի ռեկտորները, թե՛ տնօրենները լսում են, թե ինչպես պաշտոնական բոլոր մակարդակներում պետական այրերը խոսում են «պարոն» եւ «տիկին» դիմելաձեւով : Ինչո՞ւ պատկան մարմինները տնօրենների, ռեկտորների ուշադրությունը չեն հրավիրում այս երեւույթի վրա եւ չեն հորդորում նրանց վերանայել հին դիմելաձեւը, որը միայն ձեւ չէ, այլ կարծրատիպ կոտրող: Հարգելիներս սա մանրուք չէ, Հայաստանում արդեն ընդունված «տիկին», «պարոն», «օրիորդ» դիմելաձեւերին երեխաները պետք է սովորեն սկսած մանկապարտեզից, սա հայեցի է ու այն միայն պարզապես դիմելաձեւ չէ, այլ նաեւ՝ դաստիարակություն՛՛: