13-08-2014 12:36

Ալիևը դատարկ հայացքով անձնավորություն է. Huffington Post

Մինչ Սիրիան այրվում է, Գազան հրթիռակոծվում, իսկ «Ալ Կաիդան» գրավում իրաքյան ևս մի քաղաք, մեկ այլ հակամարտություն է սպառնում ապակայունացնել Մերձավոր Արևելքը, այս անգամ` Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ամիսներ շարունակ Իլհամ Ալիևը՝ աշխարհի ամենավատ բռնապետներից մեկը, հրակոծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, գրում է Huffington Post-ի հոդվածագիրը:
Ալիևների տոհմը վերջին ավելի քան 20 տարիներին ղեկավարում է Ադրբեջանը՝ ասես այն լինի իր սեփական բանկային հաշիվը կամ բակը: Նրանք երկրում հաստատել են ժառանգաբար փոխանցվող բռնապետություն, Ալիևները միլիարդատերեր են դարձել, մինչ ադրբեջանցի ժողովուրդը միայն սահմանափակ օգուտ է ստացել ծաղկող նավթի առևտրից, գրում է հոդվածագիրը:
Նա Ալիևին նկարագրում է որպես դատարկ հայացքով անձնավորություն, ինչը խոսում է նրա ինտելեկտի բացակայության մասին, ով շարունակում է խաբել իր ժողովրդին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ շարունակվող հակամարտության պատճառների մասին:
«Ալիևը, ով անհիմն պնդում էր, թե քաղաքական և տնտեսական հաղթանակ է տարել Հայաստանի նկատմամբ և որ կարող է նաև ռազմական հաղթանակ ունենալ, շարունակում է տեսնել իր զինվորների տված զոհերի թիվը, որը գերազանցում է հայկական կողմի զոհերի թվին: Ասես իր սեփական մարդիկ ընդամենը ճանճեր լինեն, որոնք արժեք չեն ներկայացնում տարածքը հետ վերցնելու ապարդյուն փորձի մեջ»,- գրել է հոդվածագիրը:
Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի նավթի պաշարները ենթադրվում է՝ կբավարարեն 70 -75 տարի, «կասկածելի է, որ Ալիևի պես ագահ ու ինքնասիրահարված մեկը կվտանգի ապագա միլիարդները՝ փորձելով ազատագրել օտար մարդկանցով բնակեցված և բնական պաշարներից զուրկ լեռնային տարածքը», ասված է հոդվածում:
«Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ալիևը ոչ միայն դաժան բռնապետ է, այլև որ իր ներկայիս քաղաքականությունն ի վերջո կհանգեցնի այս վարչակարգի և երկրի կործանմանը», գրում է հոդվածագիրը: