16-08-2014 11:04

ԱՄՆ պետքարտուղարությունը մտահոգ է Հայ գերու մահվան առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի կապակցությամբ:

Ամերիկյան արտաքին գերատեսչությունը հայտարարել է, որ խորապես մտահոգ է տեղի ունեցածի կապակցությամբ:

՛՛Միացյալ Նահանգները խորապես մտահոգ է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ տեղեկատվությամբ եւ այն հիմնավորումներով, որ նրա մահն առաջ է եկել ոչ բնական ճանապարհով: Միացյալ Նահանգներն իր խորը ցավակցությունն է հայտնում Պետրոսյանի հարազատներին՛՛,- ասվում է հայտարարության մեջ:

Պետքարտուղարությունը նաեւ Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել իրականացնել միջադեպի խորը եւ թափանցիկ հետաքննություն եւ հանրությանը ներկայացնել արդյունքները: Պետքարտուղարությունը նաեւ կողմերին կոչ է արել հարգելու միջազգային հումանիտար օրենսդրությունը եւ Կարմիր Խաչին հնարավորություն տալ տեսակցելու հակամարտության արդյունքում գերության մեջ հայտնված քաղաքացիներին:

Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության փաստի առթիվ: