21-09-2014 13:16

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է անկախության 23-րդ տարեդարձի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի առթիվ։
Ուղերձում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով:
Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժևորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր:
Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները:
Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը և դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակություն:Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը, խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Առ Աստված ապավինությամբ, մեր ջերմ սիրով և ամուր հավատքով կառուցենք մեր նոր կյանքը ազատ մեր Հայրենիքի հովանու ներքո: