23-07-2014 17:17

Ամբաստանյալը դատարանում կտրել է երակները

Բանդայի գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստում կտրել է երակները։ Համենայն դեպս, պաշտպաններից ոմանք, ովքեր ավելի մոտ էին նստած ամբաստանյալին, նկատել են, որ ամբաստանյալի ձեռքից արյուն էր հոսում։ Դատարանն անմիջապես ընդմիջել է նիստը, բոլորին դուրս հրավիրել դատական նիստերի դահլիճից եւ շտապօգնություն հրավիրել։
Ինքնավնասման պահին դատարանում հրապարակվում էին Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքները. նման միջնորդությամբ հանդես էր եկել դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Սասուն Խաչատրյանը՝ ամբաստանյալի դատաքննական եւ նախաքննական ցուցմունքների միջեւ առկա հակասությունների հիմքով։
(Ժամը՝ 15։30) Ուղեկցող ոստիկաններից մեկը դատարանում գտնվող «Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց, որ ամբաստանյալը փորձել է ինքնավնասում կատարել կրակայրիչի երկաթյա մասով, բայց իրենք կանխել են։ Մեր զրուցակից ոստիկանի ներկայացմամբ՝ ամբաստանյալը չի հասցրել իրեն լուրջ վնասվածք պատճառել։ «Ամբաստանյալի մոտ քերծվածք է առաջացել»,- ասաց ոստիկանը։