Բավ է պառակտվել
16-10-2015 13:08

ՄԻԵԴ-ի վճիռը հաղթանակ է Հայաստանի համար. փաստաբաններ Քլունի և Ռոբերթսոն

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններ Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշում են, որ իրենք գոհ են կայացված վճռից, քանի որ «դատական լսումների շրջանակում բացառապես չի վիճարկվել Հայոց ցեղասպանության պատմական փաստի եղելությունը»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Գերագույն պալատը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք գոհ ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հավանության արժանացրեց Դողու Փերինչեքի և Շվեյցարիայի միջև գործին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարության օգտին բերված մեր փաստարկը: Այդ վճիռը Հայաստանի համար հաղթանակ է: Այսօր Եվրոպական դատարանն արձանագրեց, որ խոսքի ազատությունը ենթակա չէ սահմանափակման, եթե այն չի սերմանում բռնություն կամ ռասայական ատելություն: Փաստորեն, շվեյցարական իշխանությունները չպետք է հետապնդեին Փերինչեքին, քանի որ թուրքերենով արված նրա դատարկախոս հայտարարությունը բացարձակապես չէր կարող որևէ ազդեցություն ունենալ Շվեյցարիայում սոցիալական ներդաշնակության և ռասաների միջև հարաբերությունների վրա: Հայաստանը գործին ներգրավվել է միայն մեկ նպատակով. ստորին պալատը կասկածի տակ էր դրել 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության փաստը: Որպես փաստաբաններ՝ մենք ձգտել ենք ուղղել այս կոպիտ սխալը, և Մեծ պալատն այդպես էլ վարվեց: Այսօրվա վճիռը չի վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը. տասը դատավոր նշեց, որ ընդհանրապես այդ հարցը չպետք է քննարկվի, մինչդեռ դատավորներից յոթն արձանագրել են, որ «Հայոց ցեղասպանությունը հստակորեն ամրագրված պատմական փաստ է»: 

Վճիռը նաև վերահաստատում է հայերի՝ Եվրոպական իրավունքով պահպանվող իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի և պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է օսմանյան թուրքերի կողմից հայերի ռասայի շուրջ կեսի ոչնչացման հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը (պարբերություն 227):

Արտահայտվելու ազատության կարևորությունը վերահաստատող Դատարանի այս վճիռը կարևոր հետևանքներ կունենա նաև Թուրքիայի համար, որը Եվրոպական դատարանում ներկայացված պետությունների շրջանում խոսքի ազատության ամենավատ ցուցանիշներն ունի: Թուրքիան այլևս չի կարող արդարացնել Հրանտ Դինքի նմաններին քրեական հետապնդման ենթարկելը. անձինք, ովքեր գրելով Հայոց ցեղասպանության իրականության մասին՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հիմքով մեղադրվում են «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ: Փերինչեքի գործով արված մեկնաբանությունների համաձայն՝ այս հետապնդումները ամբողջությամբ հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված խոսքի ազատության երաշխիքներին: Մենք կոչ ենք անում Թուրքիային վերացնել հոդված 301-ը և դադարեցնել դրանով պայմանավորված չարամիտ հետապնդումները: Փերինչեքը սադրիչ է, ում չպետք է դարձնեին նահատակ, ինչին նա այդքան ձգտում էր: Անհրաժեշտ է նշել, որ Դատարանը մերժել է նրա՝ 120,000 եվրոյի փոխհատուցման պահանջը և ոչինչ չի հատուցել՝ նույնիսկ նրա սեփական իրավաբանական ծախսերը»:

Հիշեցում. Գործի նախապատմությունը կապվում է Թուրքիայի քաղաքացի Դողու Փերինչեքի ռասիստական և ատելություն սերմանող գործունեության հետ: Նա Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահն է և ներկայանում է որպես իրավագիտության դոկտոր: Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել է 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել է որպես «միջազգային կեղծիք»։ 
2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր է ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել է, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի: 
Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել է շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չի հասել: 
Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել է, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը: 2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատում տեղի են ունեցել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումները: