04-04-2016 11:27

Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյան

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը` կարծիք հայտնելով, որ ստեղծված իրավիճակում կա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործոնը։
«Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ պրն. Բայդենը (ԱՄՆ փոխնախագահ) և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ, երկխոսության կոչ էր արել` ընդգծելով հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: 
Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը, ով իր հերթին ջանում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունից: 
Սա դիտվում է որպես ապտակ ԱՄՆ փոխնախագահին ու պետքարտուղարին` Ադրբեջանի կողմից: Արդեն ժամանակն է, որ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ու ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»»,-գրել է Թանկյանը։