Բավ է պառակտվել
12-06-2014 18:33

Ակտիվիստները պայքարում են Աֆրիկյանների շենքի համար

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգ մի խումբ ակտիվիստներ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասել են, թե իրենք պայքարում են, որպեսզի չքանդեն այդ հուշարձանը ու փոխարենը 16 հարկանի բնակելի շենքեր կառուցեն:

՛՛10 տարի շարունակ նկարում եմ, թե Երևանում ինչ ճակատագրի են արժանանում նմանատիպ շենքները: Աֆրիկյանների շենքն էլ արժանացավ այդ ճակատագրին: Երկու տարի առաջ այս շենքն էլ համարակալվեց: Քաղաքային իշխանությունները պատճառաբանում են, թե քանդելը պայմանավորված է նրանով, որ փողոցը լայնացնելու են: Մենակ երգերում չէ, որ պետք է սիրենք մեր Երևանը՛՛,- ասաց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը:

Ֆոտոլրագրողը հարց բարձրացրեց, թե ուր էին այս էլիտար շենքերը, երբ կար Աֆրիկյանների հայտնի շենքը:
Ըստ նրա շատ լուծումներ կան, թող փողոցը դարձնեն միակողմանի, կամ դիմացի ավտոկայանատեղին հանեն:

Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանն էլ հարց հնչեցրեց, թե ինչպես կարելի է հիշողությունը տեղափոխել մեկ այլ վայր:
՛՛Սա մի հնարավորություն է քաղաքացուն՝ սովորեցնել խոսել, արտահայտվել: Ես հույս ունեմ, որ խոսքն իր ուժը կունենա այս հարցում՛՛,- ասաց Սոնա Ասատրյանը՝ շարունակելով, թե մենք նախադեպ ունենք, որ պայքարի արդյունքում կարողացանք պահպանել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը:

Իսկ ճարտարապետ Աշոտ Սնխչյանը նշեց, թե փաստ է, որ այս շենքի քանդումն անօրինական է: «Սա արդեն քաղաքաշինական բջիջ չի ներկայացնի, այլ կլինի ֆասադի վերականգնում»,- ասաց ճարտարապետը՝ նշելով, թե Աֆրիկյանների ակումբի պես ճարտարապետական գոհարը պետք էր աչքի լույս պահպանել:

Հայկ Բիանջյանն ասաց, թե ըստ իրեն հասած տեղեկությունների՝ երկու հատ 16 հարկանի բնակելի շենք են կառուցելու այդ շենքի տարածքում: ՛՛Այս քաղաքում ավանդույթ է քանդելը։ Մի օր Կենտրոնը հաստատ «կոլապսի» մեջ է հայտնվելու՛՛,- ասաց ֆոտոլրագրողը:

Քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին, ասաց, թե շենքի դիմաց տեղադրված պարիսպների քանդման ընթացքում 11 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: ՛՛Սա ոստիկանության հերթական աբսուրդն է: Ես կանեմ ամեն հնարավորը, որ շենքը մնա տեղում: Ես ոչ մեկից պահանջելու ոչ մի բան չունեմ, առավել ևս ՝ այս իշխանություններից՛՛,- ասաց Վիլեն Գաբրիելյանը: