Բավ է պառակտվել
19-07-2016 17:04

Ակտիվիստը պնդում է՝ ոստիկանները իրեն ծեծել և ստորացրել են

Մեղմ ասած` անմարդկային և թշնամական, ակտիվիստ Անդրանիկ Ասլանյանը բնութագրում է իրեն բաժին հասած բռնությունները երեկ Ազատության հրապարակից ոստիկանական բաժին տարվելու ճանապարհին։

Նրան, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին և ևս մեկ ակտիվիստների ծեծել են ոստիկանության Դավիթաշենի բաժին տանելու ճանապարհին, պնդում են երիտասարդները։ Կարմիր բերետավոր չներկայացած ոստիկանները, ըստ Անդրանիկ Ասլանյանի, ոտքերով ու ձեռքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին, փորձել են ստորացնել։

«Հետո ընթացքում սկզբից խփում էին առանց նառուչնիկ էինք, ձեռքերներս ոլորել, խփում էին, քֆուր էին տալիս, թքեցին Դավիթի վրա: Ինձ պառկացրել էր գետնին բատինկեն դեմ էր տվել բերանիս, բա՝ հըլը պաչի», - պատմեց ակտիվիստը:

Անդրանիկ Ասլանյանը մարմին բազմաթիվ կապտուկներ ունի, ճակատին պատռվածք, այտուցված է նրան դեմքը․ - «Մինչև Դավիթաշենի էդ չաստը հասնելը մեզ ամբողջ ճանապարհին ծեծել են: Քացով գլխիս, մեջքիս: Խփում էին, ասում էի՝ պատասխան եք տալու խփելու համար, էլի էին խփում․․․»:

Ինչու էին ոստիկանները ծեծում իրեն և մյուս ակտիվիստներին, Անդրանիկը չգիտի, բայց մտաբերում է համազգեստով ոստիկանների արտահայտությունները. - «Խփում էին, ասում էին՝ բա գիտեք խաղ ու պար ա, խաղ ու պարերը վերջացան, գլուխներդ ջարդելու ենք: Ձեր հովանավորները տենաս ովքեր են: Ձեր հովանավորների սենց ու նենցը: Ես էլ ասեցի, որ հովանավոր չունեմ, իմ հովանավորը Աստվածն ա»:

Ոստիկանական բաժնից Հանրապետական հիվանդանոց տեղափոխված Դավիթ Սանասարյանը և Անդրանիկ Ասլանյանը այնտեղ հետազոտվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ սալջարդներից և այտուցներից բացի Սանասարյան նաև ուղեղի ցնցում է ստացել։ Անդրանիկի խոսքով, նրա հանդեպ բռնությունը շարունակվել է ոստիկանական մեքենայից դուրս հանելուց հետո ևս։