Բավ է պառակտվել
27-02-2015 08:15

Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցը մեղադրվում է խուլիգանության մեջ

Փետրվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի ակցիայի հերթական մասնակցին: Անուշավան Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության մեջ: Ըստ մեղադրական եզրահանգման 2015 թվականի հունվարի 15-ին՝ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում, Անուշավան Հարությունյանը մի խումբ անձանց հետ կանխամտածված կոպտորեն խախտել է հանրային կարգը, որը արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի միջոցով և ուղեկցվել է բռնության կիրառմամբ, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող, հանրային կարգի պաշտպանության ուղղությամբ իրենց պարտականությունները կատարող և հանրային կարգի խախտումները կանխող ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցուցաբերելու միջոցով: Որպես խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ կիրառվել է երկրից չմեկնելու մասին ստորագրություն վերցնելը: Անուշավան Հարությունյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի համարում և ընդամենը մասնակցել է այդ օրը տեղի ունեցած բողոքի ակցիաներին: