Բավ է պառակտվել
24-06-2014 12:08

Ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն է գործադրվել. հայտարարություն

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանների գործողությունները «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

Այս մասին կազմակերպության տարածած հայտարարությունում ասվում է.

«Հունիսի 23-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» ակցիայի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել եւ գործադրվել բռնություն: Արդյունքում մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ Ա. Կարագյոզյանը տեղափոխել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանների նման ոչ օրինական գործելաոճը եւ ՀՀ ոստիկանապետից պահանջում է կատարել դեպքի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, իսկ իրավախախտում թույլ տված ոստիկաններին՝ ենթարկել օրենքով սահմանված պատասխանատվության»: