Բավ է պառակտվել
15-11-2014 15:13

Արցախում ուղղաթիռի խոցման առաջին տեսանյութը սիրիական պատերազմից է.մասնագետ

«Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցված ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը պատկերող տեսաձայնագրությունը, որը դեպքից ժամեր անց տարածել էր ադրբեջանական կողմը, իրականում սիրիական պատերազմի ժամանակ է նկարահանվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Սիրիական պատերազմի տեսանյութերը ամբողջ աշխարհում լայն կիրառվում են տարբեր քարոզչական գործողություններ իրականացնելու համար, քանի որ այդ կոնֆլիկտն ամենաշատն է նկարահանվել»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմը դեպքից հետո չի կարողացել կոորդինացնել գործողությունները: Մասնագետը նաև տեղեկացրեց, որ վերջին օրերին Հայաստանում գործող բազմաթիվ լրատվական կայքեր ենթարկվել են կիբերհարձակման: «Հենց իրավիճակը սրվում է, ադրբեջանական կողմը փորձում է խոչընդոտել պետական եւ լրատվական կայքերի աշխատանքը, որպեսզի չկարողանան իրականացնել համապատասխան քարոզչություն: Դեպքերի հենց այդ եւ հաջորդ օրերը հայաստանյան մի շարք լրատվամիջոցների կայքերի վրա հարձակում էր կատարվել, որ աշխատանքը խափանեն: Եվ դա արդեն պրակտիկա է դառնում սկսած 2012թ դեկտեմբերից»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը: Վերջինիս կարծիքով, վերջին դեպքերը լուսաբանելիս, հայկական լրատվամիջոցները լավ են աշխատել: