Բավ է պառակտվել
10-07-2014 13:33

Ըստ Ա. Ադիբեկյանի՝ երկրից փախչում է ոչ թե շատ աղքատը, այլ միջին կամ միջինից բարձր խավը

«Հայաստանից փախչում է, ոչ թե շատ աղքատը, այլ միջինը կամ միջինից բարձր խավը»,- Բնակչության համաշխարհային օրվան ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը հրապարակեց օրվան նվիրված սոցիոլոգիական հետազոտությունների արդյունները, իսկ հարցման պատվիրատուն Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, մարզպետները և քաղաքապետները:
«Վերջին յոթ տարում՝ ճգնաժամից հետո Հայաստանում իրավիճակը վատացել է, և դա է հիմնականում արտագաղթի պատճառը եղել»,-ասաց նա: Հարցումն անցկացվել է ապրիլ-մայիս ամիսներին, 81 բնակավայրում, և անհրաժեշտ 5000 չափահաս գտնելու համար առաջարկ է արվել 6695 հոգու, որոնցից 1695 հոգի (25,3) տոկոսը հրաժարվել է:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի, հարցման համար գոյություն ունեցող և միազգային վարկանիշային կենտրոնների կողմից կիրառվող գնահատման չափորոշիչներից Հայաստանի համար առավել կարևորվել են.
-Բնակեցման միջավայրին և սպասարկման ոլորտին տրված գնահատականները,
-Տեղական ռեսուրսների հավաքագրման և օգտագործման կարողությունները,
-Առավել կարիքավորների սոցիալական աջակցության ծավալները,
-Պոտենցիալ արտագաղթի մակարդակները,
-Համայնքի և ընտանիքների բարեկեցության ինքնագնահատման փոփոխությունները,
-«Սոցիալական ըմբոստության» ռիսկերի աստիճանը:
Ահարոն Ադիբեկյան խոսքով, ըստ հարցումների արդյունքների՝ վերջին յոթ տարվա ընթացքում երկրի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխությունները գնահատվել են հետևյալ կերպ. եթե 2007 թվականին 65 տոկոսը տնտեսական վիճակը դրական էր համարում, ապա հիմա այդ թիվը իջել է 24,5 տոկոսի, զբաղվածության ոլորտում վիճակը նախկինում ավելի դրական էր համարում 57 տոկոսը, այժմ՝ 22,5 տոկոսը, պաշտպանության ոլորտի վիճակը յոթ տարի առաջ 49 տոկոսն էր դրական համարում, այժմ՝ 35 տոկոսը:
Կատարված հարցումների արդյունքների համաձայն՝ մարզերն ըստ «բնակչության բարեկեցության» վարկանիշների հետևյալ կերպ են դասավորվել՝

51% Գեղարքունիքի մարզ,
50% Սյունիքի մարզ,
47% Արմավիր,
38% Արագածոտն,
35% Շիրակ,
35% Արարատ,
34% Կոտայք,
31% Տավուշ,
31% Վայոց ձոր,
27% Լոռի։