Բավ է պառակտվել
19-11-2014 10:18

Ադրբեջանում վերջնականապես խճճվել են

Ադրբեջանի պաշտոնատար անձինք, շարունակում են մրցել, թե ով ավելի հակասական հայտարարություն կանի արցախյան ուղղաթիռի դեմ աննախադեպ ագրեսիայի կապակցությամբ:
Ուղղաթիռի խոցումից հետո անցած մեկ շաբաթում տարատեսակ վարկածներ են առաջադրվել, մեկ՝ ուղղաթիռը «փորձում էր հարձակվել», մեկ՝ «գրոհում» էր ադրբեջանական դիրքերը: Բայց բոլորին գերազանցեց ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: Այդ, այսպես կոչված, խորհրդարանականի վարկածով, ուղղաթիռն իբր «հարձակվում էր Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա»: Թե ինչ էր անում «խաղաղ բնակչությունը» դիրքերում, մնում է միայն գուշակել: Թերեւս, «խաղաղորեն» կատարելագործում էր ուղղաթիռ խոցելու հմտությունը:
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին ժ. 13:45-ի սահմաններում ԼՂՀ եւ ԱՀ շփման գծի արեւելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով ուսումնական թռիչքի ժամանակ խոցվել էր ԼՂՀ ՌՕՈՒ-ի Մի–24 ուղղաթիռը, նախնական տվյալներով զոհվել էին երեք օդաչուները: Ուղղաթիռում սպառազինություն չի եղել: Հակառակորդն առայսօր կրակի տակ է պահում դեպքի վայրը՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռին: