06-08-2014 14:16

Ադրբեջանը քաղաքական հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում. Ս. Օհանյան

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Նախագահների՝ օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք հանդիպումից հետո հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ խիստ անհավանական է: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիքի հայտնեց Սեյրան Օհանյանը:

«Այս իրավիճակի լարվածության պատճառն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սովորաբար քաղաքական միջոցառումներից, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում՝ փորձելով և՛ ազդեցություն գործել միջազգային հանրության, և՛ մեր հանրության վրա և բարձրացնել իրենց ստորաբաժանումների մարտական ոգին: Մինչև Սոչիի հանդիպումը հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել, բայց հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում՝ քիչ հավատալու է ինձ համար»,-ասաց նա:

Ըստ բանախոսի դրա համար ՀՀ Զինված ուժերն այս ժամանակահատվածում, նաև հանդիպումից հետո մշտապես պիտի լինեն իրենց դիրքերում։ Հատկապես ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է օրըստօրե բարձրացնի իր մարտունակությունը։ Ըստ նախարարի, ԼՂՀ ՊԲ գործողությունները ցույց են տալիս, որ այն ավելի քան պատրաստ է ցանկացած գործողության արձագանքելու: «Մեր զինվորները ԼՂՀ-ում առավել քան պատրաստ են գործողությունների ցանկացած զարգացման»,-ասաց նա:

Դառնալով Սոչիում կայանալիք հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ յուրաքանչյուր այսպիսի հանդիպում հնարավորություն կտա բանակցելու, երկխոսություն ստեղծելու, կառուցողական հիմք տալու բանակցային գործընթացին. «Երկխոսությունն է միայն այն պայմանը, որի պարագայում մենք կարող ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որ համապատասխան ընթացք կտան խաղաղ լուծման գործընթացին»: