29-09-2015 14:15

Ադրբեջանը հաշվի չի առնում Ղարաբաղի ներուժը

«Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի պատրաստ չէ, բայց նա դարձել է իր իսկ փակուղային քաղաքականության պատանդը: Իրենք փորձում են արնաքամ անել երկիրը, հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա, ընդ որում ես համոզված եմ, որ Ալիևը ավելացնում է էսկալացիան՝ հույս ունենալով, որ մի պահի իրեն կկանգնեցնեն և Հայաստանը առաջինը զիջումների կգնա, սակայն իրականում մենք հասանք այնպիսի իրավիճակի, որ Հայաստանը դադարեց արտաքին աշխարհին ուղղված «ռևերանսները» և բացահայտ հայտարարեց, որ այսուհետ գործընթացը լրիվ այլ հարթությունում է շարունակվելու»,- այսպիսի կարծիք այսօր հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ պատասխանելով Gisher News-ի թղթակցի հարցին, թե արդյոք Ադրբեջանը կշարունակի խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառել, առանց լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու:
Փորձագետը նկատեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Ղարաբաղը համարվում է Հայաստանի անբաժանելի մաս, արդեն խոսում է այն մասին, որ շատ բան է փոխվել և տարիների բանակցությունների արդյունքները զրոյականացվել են ու ամեն ինչ զրոյից է սկսվելու: Ադրբեջանը հույս ուներ ինչ-որ բան պարտադրել, բայց իր գործողությունների արդյունքում ստիպված է սկսել նոր էջից, և իր համար ոչ շահեկան պայմաններում փորձել նոր պայմանավորվածություններ ձեռք բերել:
Պատասխանելով մեր հարցին, թե ի՞նչ հիմքեր ունենք պնդելու, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմ սկսել. Կարեն Վրթանեսյանն ասաց.
«Ադրբեջանը պատրաստ չէ, քանի որ դա լուրջ հարվածի տակ է դնում Ալիևյան կլանի ամբողջ բիզնեսը: Ադրբեջանի ժողովուրդը հիմա շատ հարմարավետ կյանք է վարում և նրանցից ոչ մեկ չի գնում, հետաքրքրվում, թե իրենց սահմանամերձ գյուղերում ինչ է կատարվում:
Ադրբեջանում կա մի Բաքու՝ լրիվ առանձնացած և կա Ադրբեջան՝ իր բոլոր խնդիրներով: Զենք գնելը դեռ քիչ է, այդ ամենին պետք է տիրապետել և պետք է բարոյահոգեբանական ռեսուրս, որը հարևան երկրում ընդհանրապես բացակայում է»:
Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը պատասխանելով նույն հարցին, ասաց.
«Չնայած այն բանի, որ Ադրբեջանը բավական լավ զինված է, մեր պաշտպանական գծերն այնքան ամուր են, որ դրանք հաղթահարելու համար անգամ տասնյակներով հրետանային համակարգեր կիրառելը բավարար չէ: Կան տեղեր, որտեղ տասը պաշտպանական գիծ ունենք:
Ադրբեջանը այսօր բացարձակ հաշվի չի առնում նաև Ղարաբաղի ներուժը: Մեծ հարց է՝ Ղարաբաղը Հայաստանից մի՞ քանի, թե՞ շա՛տ անգամներ ավել զենք ու զրահ ունի:
Եթե նա զորք ուղարկի Ղարաբաղի վրա, մեր պաշտպանական գծերը մսաղացի նման աղալու են այդ զորքն ու տեխնիկան և նրանք մնալու են անզեն՝ նիզակներով ու նետերով զինված: Ինչի արդյունքում մենք իրենց հաղթված զորքերի ուսերին նստած կարող ենք հասնել Բաքու»:

Մարինե Բարսեղյան