25-01-2014 14:34

Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարը կրկնում է նախորդի սխալները

 Շաբաթվա սկզբում Ադրբեջանը հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձ, բայց  հակադարձ պատասխանը , հայ զինվորի  արիությունը կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությանը՝մեծ կորուստներ պատճառեց թշնամուն: Դիվերսիոն ներթափանցումը կանխվեց, կյանքի գնով հայրենիքին սպառնացող վտանգի դեմն առավ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Իսկ ահա ադրբեջանական կողմը շարունակում է իրեն բնորոշ կերպով ապատեղեկատվություն տարածել, ինչին հակադարձում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետեւանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետեւանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ եւ 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը եւ մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում:

Այսքանից կատարվելիք հետեւությունը մեկն է՝ Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարը կրկնում է իր նախորդի սխալները… Իսկ թե ինչ կլինի դրանք շարունակելու դեպքում, դժվար չէ կռահել…

Ինչ վերաբերվում է դիվերսիային, պետք է նշել նաեւ, որ առհասարակ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ: Դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է դիվանագիտական կարեւոր միջոցառումներից առաջ: Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսեւորել է Կազանում նախագահների հանդիպման եւ ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր ս.թ. հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994թ. մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը եւ կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ:

Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին: Շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»: