Բավ է պառակտվել
03-10-2014 19:54

Ադրբեջանը «պատրաստ է տասնապատիկ վրեժ լուծել» ՀՀ-ից և ԼՂՀ-ից

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «պատրաստ է տասնապատիկ վրեժ լուծել» Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Այս մասին նշված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները: «Հայկական կողմը, որն ընթացիկ տարվա հուլիս-օգոստոսին ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ դիվերսիոն-հետախուզական խմբերի հարձակման ժամանակ շուրջ 70 զինվոր է կորցրել, մինչեւ հիմա ուշքի չի եկել իրեն հասցված կործանարար հարվածից եւ շարունակում է լռել կորուստների մասին»,- «հիշել է» Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Հայտարարությունում նշվում է, «հայկական լրատվամիջոցներն իրենց հասարակական կազմակերպությունների եւ սոցիալական մեդիայի օգնությամբ շարունակում են հասարակությանն ապատեղեկացնել Ադրբեջանի Զինված ուժերի մասին»: «Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ առաջնագծում գտնվող մեր ստորաբաժանումները պատրաստ են սանձել հայկական կողմի ցանկացած սադրանք եւ ջախջախել դիվերսիոն ջակետները: Մեր զինվորներն ու սպաները, որոնք միշտ պատրաստ են մարտնչել Հայրենիքը զավթիչներից ազատագրելու համար, պաշտպանության նախարարի հրամանով տասնապատիկ վրեժ են լուծում եւ վրեժ են լուծելու թշնամուց մեր յուրաքանչյուր զոհված եւ վիրավոր զինծառայողի համար»,- ասված է հայտարարությունում: Մի խոսքով՝ գրեթե «Ես վրեժ եմ լուծում եւ իմ վրեժը սարսափելի է» կարգախոսի ոգով: Թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն որոշել հանդես գալ հակահայ հայտարարություններով, իհարկե, կարելի է ենթադրել: Նախօրեին Հայաստան է վերադարձել ավելի քան տարի ադրբեջանական գերության մեջ գտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Նախկին գերին տեղեկացրել է, որ իր նկատմամբ ճնշում եւ ծեծ են գործադրել, սպառնացել են գնդակահարել, եթե նա Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնի: