Բավ է պառակտվել
13-12-2014 08:21

Ադրբեջանական գերությունից փրկված ընտանիքը խոսել է գերության սարսափների մասին

Ադրբեջանական գերությունից հինգ տարի անց հայրենիք վերադարձված ընտանիքի հինգ անդամներն ազատ շունչ քաշեցին հայրենի հողում ու մեզ՝ լրագրողներիս մանրամասներ ներկայացրին Բաքվում իրենց կյանքի պայմանների մասին:
«Ապրել ենք Բաքու քաղաքում` զինվորական ոստիկանության շենքում: Մենք ունեցել ենք փախստականի կարգավիճակ, բայց ապրել ենք՝ ինչպես գերի, պատանդ, ճորտ»,- ասաց ընտանիքի հայրը` Եղիշե Գևորգյանն ու մանրամասնեց. «Ինձ էլեկտրաշոկի են ենթարկել, կնոջս բռնությամբ տարել են աբորտի: Մենք ուզում էինք այդ հղիությամբ գերությունից ազատվել»: Ռուզաննա Գևորգյանի խոսքով` իրեն ասել են` ամուսնուդ ողջ չես տեսնի, նա էլ համաձայնել է ու հրաժարվել չծնված երեխայից:
Եղիշե Գևորգյանի պատմելով` 2010-ի մայիսին մի մարդ է գնացել իրենց մոտ ու հայերենով առաջարկել մնալ այնտեղ` ադրբեջանական անուն-ազգանունով, իրենք հրաժարվել են, որի պատճառով ծեծի է ենթարկվել: «Հունիսի 11-ին Կարմիր Խաչից եկան, ես պառկած էի, բացեցի, կապտուկներս տեսան, դիմումները ներկայացրեցինք` Հայաստան հետ վերադառնալու»,- նշեց Եղիշե Գևորգյանը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին տեսնելու համար, Եղիշե Գևորգյանի տեղեկացմամբ, սպառնացել են հացադուլի դիմել, նույնիսկ ինքնասպան լինել:
Պարոն Գևորգյանի խոսքով՝ նույն վայրում են սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին, իսկ վերջերս էլ այդտեղ են պահել հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին: «2010 թվականին Մանվել անունով մեկին այն հարկի տակ, որտեղ մենք քնում էինք, կախել են: Ոչ մեկ չի կարող դա ժխտել»,- ասաց Եղիշե Գևորգյանը: