Բավ է պառակտվել
02-02-2015 10:34

ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարը Բերձորի միջադեպի մասին

ԼՂ ոստիկանները փորձեցին միջամտել Արցախում տեղի ունեցած բախումներին: Այդ մասին Armtimes-ին տված հարցազրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով «Հիմնադիր Խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների և ոստիկանության բախումները Բերձորում: Նրա խոսքով՝ «մի քանի հոգու բացառությամբ, ընդհանուր առմամբ, Արցախի բնակչության մեծամասնությունը դեմ է եղել այդ ավտոերթի անցկացմանը»: ««Հիմնադիր Խորհրդարանի» ներկայացուցիչները գիտեին այդ բացասական տրամադրությունների մասին, սակայն չհրաժարվեցին իրենց նախաձեռնությունից: Արդյունքում տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ և երիտասարդությունը դուրս եկան երթը դիմավորելու և ավտոերթի մասնակիցներին Արցախ չթողնելու նպատակով, քանի որ նրանց կողմից պրոպագանդվող գաղափարները չեն ընդունվում Արցախի հանրության կողմից: Ոստիկանությունը ստիպված էր կանգնել այդ խմբի և երթի մասնակիցների միջև: Ոստիկանները կոչ էին անում երթի մասնակիցներին վերադառնալ, բացատրելով, որ այդ կարող է հանգեցնել Արցախում անցանկալի ընթացքի», - ասել է նա: Բաբայանը նշել է, որ ոստիկանությունը փորձեց խոչընդոտել բախումներին, սակայն մի քանի մարդ ոչ միայն ուշադրություն չդարձրեց կոչերին, այլ նաև սկսեց ապակայունացնել իրավիճակը: «Ոստիկանությունը ստիպված էր այնպիսի քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը ավելի չխորանա: Ցավոք, եղել են նաև տուժածներ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ ոստիկաններից ոչ ոք զինված չի եղել: Պատասխանելով այն դիտարկմանը, որ լուսանկարներում հստակ երևում են դիմակներով զինված ոստիկաններ՝ նա նշել է, որ ակցիայի մասնակիցների հետ բանակցել են անզեն ոստիկաններ: «Նույնիսկ եթե կրակոցներ են եղել, ապա օդ են կրակել, հավաքվածներին սթափեցնելու համար», - նշել է Բաբայանը: