20-08-2014 14:20

ԱԴԿ-ն խստորեն դատապարտում է Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Իրաքի հյուսիսային շրջաններում բնակվող եզդիների նկատմամբ իրականացվող դաժանությունները, որոնք հիրավի կարող ենք ցեղասպանություն անվանել, քանզի արդեն իսկ հայտնի է մեծ թվով սպանվածների, առևանգվածների և փախստականների մասին: Ավելին` Մերձավոր Արևելքում բնակվող եզդիները փաստացիորեն ստիպված են տեղահանվել իրենց պատմական տարածքներից», ասվոած է կուսակցոթյան տարածած հայտարարության մեջ: News.gisher.ru-ն ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ. «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային ազդեցիկ կառույցներին աչալրջորեն հետևել Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին և օր առաջ կանխել այնտեղ իրականացվող ոճիրը: 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը իրավունք չունի թուլ տալու նոր ցեղասպանություններ և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն, որպեսզի չկրկնվեն 20-րդ դարասկզբից մարդկությանը որպես ծանր ժառանգություն հասած ցեղասպանությունները:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտնում է իր զորակցությունը բարեկամ եզդի ժողովրդին: Այս օրերին մեր բոլորիս պարտքը պետք է լինի սատարել եզդիներին և հնարավորինս գործուն քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»: