10-03-2014 20:06

Նաղատեսվում է «Ռոսկոսմոսի» ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան.ԱԱԽ

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ռուսաստանի «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակությանը` Սերգեյ Սերեդինի գլխավորությամբ և քննարկել տիեզերական ոլորտում ՀՀ–ՌԴ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Համաձայն Արթուր Բաղդասարյանի և «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման և հանրապետությունում այդ ոլորտի առկա ներուժի օգտագործման հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը եւ այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը:
Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ «Ռոսկոսմոսի» հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները:
ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում: Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:
«Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Արթուր Բաղդասարյանն ու Սերգեյ Սերեդինը անդրադարձել են տիեզերական ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության` ՀՀ ձեռնարկությունների և «Ռոսկոսմոսի» միջև համատեղ հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող այլ հարցերի ևս:
Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:
ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: