Բավ է պառակտվել
20-04-2015 17:05

Ապրիլի 24-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները 100 անգամ զանգ կհնչեցնեն

Հայ Առաքելական եկեղեցին ապրիլի 23-ին կիրականացնի Հայոց ցեղասպանւթյան 1.5 միլիոն զոհերի սրբադասման արարողություն: «Հիմնական արարողությունը` տեղի կունենա ապրիլի 23-ին: Այդ օրը Ցեղասպանության բոլոր զոհերը կսրբացվեն, որպես նահատակներ հավատքի և հայրենիքի համար»,- հայտարարել է Նոր-Նախիջևանի և Ռուսաստանյան թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանը:  Նրա խոսքով, առաջիկա օրերին աշխարհի տարբեր երկրներում տեղի կունենա Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հիշատակի արարողություններ: Եկեղեցիներում պատարագներ կմատուցվեն, աշխարհի բոլոր վայրերում, որտեղ կան հայկական համայնքներ, կանցկացվեն հուշ երեկոներ, որոնք կուղեկցվեն խաչքարերի բացման, արխիվային նյութերի հրապարակման արարողություններով: Իսկ քրիստոնեական բոլոր եկեղեցիներում 100 անգամ զանգեր կհնչեցվեն: «Մենք ստացել ենք Համայն ռուսիո պատրիարք Կիրլլի օրհնությունը: Այդ օրը մեր ժողովուրդների և քույր եկեղեցիների համար կարևոր օր է, համընդհանուր ահազանգին կմիանա նաև Մոսկվայի Քրիստոս փրկչի տաճարն իր զանգերով, իսկ երգչախումբը հայերեն լեզվով կկատարի «Հայր մեր»-ն ու «Սուրբ Աստված»-ը»,- նշել է թեմի առաջնորդը և հավելել, որ Հայրենական մեծ պատերազմի թանգարանում կբացվի ցուցադրություն «Ռուսական հայացք Հայոց ցեղասպանությանը» խորագրով:

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածն անվանել է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Որից հետո Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջեն հետ է կանչվել Թուրքիա: