Բավ է պառակտվել
23-04-2015 08:51

Մայր Աթոռում կայացավ Հսկման արարողություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի ունեցավ Հսկման արարողություն: Հսկման արարողությունը նախապատրաստություն է սրբադասման բուն արարողության: Հսկման արարողության ընթացքում սրբագործվեցին այն մասունքարանները, որոնց մեջ տեղադրվելու են սրբոց նահատակաց մասունքներն ու արդեն ապրիլի 23-ին՝ սուրբ նահատակների սրբադասման արարողության ժամանակ, ներկայացվելու են ժողովրդի երկրպագությանը: Մասունքները բերվել են Կիլիկիո կաթողիկոսարանի Սուրբ նահատակաց եկեղեցուց, մի մասն էլ գտնվում էին հենց Մայր Աթոռում. 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին, Մայր Աթոռում Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կանգնեցվել է Հայոց ցեղասպանության աղոթի և ուխտի խաչքարը, որի տակ պահվել են Դեյր Զորից բերված մասունքներ, որոնք նույնպես հանվելու են, տեղադրվելու նոր մասունքարաններում: Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ, իսկ ժամը 17:15-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կավարտվի լռության րոպեով, կհնչեն աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական եկղեցիների զանգերը:

Նշենք, որ 400-500 տարվա ընդմիջումից հետո Հայոց եկեղեցում վերականգնվում է սրբադասման կարգը: