Բավ է պառակտվել
19-01-2015 09:15

Գյումրու քաղաքապետն առաջարկել է ուժեղացնել կարգապահական ռեժիմը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատասենյակում հունվարի 18-ին տեղի է ունեցել փակ խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Սերգեյ Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է Գյումրու քաղաքապետարանի կայքը, հանդիպման օրակարգում Գյումրիում առաջացած լարվածության թուլացման, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու գործողություններին ուղղված հարցերն են եղել: Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին: Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկությունների հետ և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ: