Բավ է պառակտվել
28-02-2014 16:30

Պարզվում է՝ հղիներից գումար գանձելով, նախարարությունը ցանկանում էր ստվերը վերացնել

Այսօր, ՛՛Ձեռքներդ հեռու հղիներից՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամներն առողջապահության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել, նրանք պահանջում էին կասեցնել հղիության ախտաբանության համավճարի մասին որոշումը, որը երեկ է ընդունվել, իսկ այսօր նախարարությունն արդեն հետ է կանչել որոշումը:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդունելով հղիներին բացատրեց, որ ՀՀ-ում ծննդօգնությունը շարունակում է անվճար մնալ, իսկ հղիության ախտաբանության հետ կապված ասաց, որ որոշ հղիներ ստվերային գումարներ են վճարում, այդ իսկ պատճառով իրենք այդ որոշմամբ փորձել ենք պաշտոնականացնել այդ վճարները, որպեսզի ոչ թե տան բուժհիմնարկի աշխատողին, այլ բուժհիմնարկին, որը հետո կվճարի աշխատավարձ այդ աշխատողին:

Նա հավելեց, որ ժամանակի ընթացքում որոշ գումարներ, որոնք ոչ պաշտոնապես վճարվել են, դարձել են պաշտոնապես: Բայց նախարարը որոշեց այդ հրամանը հանել:
՛՛Համավճարի իմաստն այն էր, որ պետությունը փոխհատուցում է, բայց մի մասով անձը մասնակցում է իր բուժման պրոցեսին: Մենք ընդամենը փորձել ենք բուժհիմնարկներին ստվերից հեռու պահել: Մենք ուզում ենք ոչ պաշտոնապես վճարումները դարձնել պաշտոնապես՛՛:

Իսկ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հավելեց, որ իրենք շատ ուրախ են, համավճարը չսկսած քննարկումներ են լինում:
՛՛Ես ուղղակի կխնդրեմ որոշումն ընթերցել հետևյալ կոնտեքստով. մենք մի հարցը հանել ենք օրակարգից, երկրորդ հարցը պատրաստ ենք քննարկել: Մենք պատրաստ ենք ցանկացած հարց առանձին քննարկել,- բացատրեց Քրմոյանը: