Բավ է պառակտվել
10-12-2014 20:05

Լ. Զուրաբյանը չբացառեց, որ մոտ ապագայում էլի հանրահավաք կլինի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր  Ազատության հրապարակում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանրահավաք-երթից հետո չցանկացավ ամփոփել քաղաքական տարին` նշելով, որ այժմ երկիրը դժվար իրավիճակում է, եւ հնարավոր չէ կանխատեսել, թե երբ կլինի հաջորդ հանրային միջոցառումը: «Եկեք չմոռանանք, որ մենք գտնվում ենք հիմա բավականին դժվար իրավիճակում, դրամը փլուզվում է, անկայուն մի ֆինանսական վիճակ է, ահավոր թանկացումներ, ժողովրդի դժգոհությունն ամեն րոպե, ամեն օր աճում է: Ես չեմ կարող կանխատեսել ու ասել` գիտեք այս միջոցառումը այս օրը կանենք, կամ այն օրը, դա կախված է իրավիճակից: Բայց որ չենք երկարացնելու, չենք սպասեցնելու, դա ասացինք: Չենք կարող օր ասել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հանրահավաքի ժամանակ հարթակին հիմնականում ԲՀԿ-ական եւ ՀԱԿ պատգամավորներ էին, իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի մեջ էր կանգնած եւ ելույթ չունեցավ, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ նախնական պայմանավորվածությամբ ցանկացած քաղաքական ուժ կարող էր օգտվել խոսելու իրավունքից: «Այնպես որ, ով օգտվել է, օգտվել է»,- ասաց պատգամավորը: Նշենք, որ այսօր Երեւանում տեղի ունեցավ ՀԱԿ-ի նախաձեռնած ամենամյա հանրահավաք-երթը` նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության օրվան: Երթին միացել են Բարգավաճ Հայաստան եւ «Ժառանգությունը» կուսակցությունները: