Բավ է պառակտվել
20-07-2016 10:17

ՊՊԾ գնդի տարածքը արդեն երրորդ օրն է վերահսկվում է զինված խմբի կողմից

Արդեն երեք օրից ավելի է` Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը շարունակում է իրեն «Սասնա Ծռեր» անվանող զինված խմբավորման հսկողության տակ մնալ: Գիշերը ժամը 3-ից հետո իրավիճակը գնդի և հարակից տարածքում հանգիստ է եղել, ուժայինները գործողությունների չեն դիմել։

 Ոստիկանները հերքել են լուրերն այն մասին, թե Հայաստան է ժամանել «Ալֆա» ռուսական հատուկ ստորաբաժանումը, չորեքշաբթի տեղեկացրել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հղում անելով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին։

Աավելի վաղ հրապարակվել էր զինված խմբի մասնակից Վարուժան Ավետիսյանի հայտարարությունն այն մասին, թե իբր ՊՊԾ գնդի շենքի ազատման հատուկ գործողությունների համար Հայաստան է ժամանել 65 մարդուց բաղկացած «Ալֆա» խումբը։

«Երևանի ոստիկանապետը պաշտոնապես հայտարարեց, որ նման բան չկա, և նա դա երաշխավորում է», – ասաց Փաշինյանը` դիմելով ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում հավաքված ցուցարարներին։

Այս ընթացքում Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է զինված հարձակումը Հայաստանի ոստիկանության դեմ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Հայաստանի իշխանություններին «զսպվածություն» ցուցաբերել ՊՊԾ գնդի տարածքում պատանդներ պահած զինյալների հետ հարաբերություններում:

«Մեր ցավակցությունն ու աղոթքն եք հղում կիրակի օրը Երևանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհված և վիրավորված ոստիկանների ընտանիքներին», - հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները:

«Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական նպատակներով բռնությունների օգտագործումը Հայաստանում կամ ցանկացած այլ վայրում», - ասել է Թոները Վաշինգտոնում անցկացվող մամուլի բրիֆինգի ժամանակ: - «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին իրավիճակին մոտենալ հարկ եղած զսպվածությամբ», - հավելել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները որպես քաղաքական փոփոխությունների ճանապարհ է համարում ժողովրդավարական գործընթացները. - «Եվ մենք շրջահայեցության կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, թե բռնությունը կարող է քաղաքական նպատակների հասնելու ընդունելի ուղի լինել»: