04-05-2016 10:18

Զախարովան Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է Օսմանյան կայսրության ճակատագրի մասին

Թուրքիայի իշխանությունները երազում են վերստեղծել Օսմանյան կայսրությունը, սակայն մոռանում են նրա ճակատագրի մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության երբեմնի հզորությունը: Ինչով է ավարտվել Օսմանյան կայսրությունը՝ մենք բոլորս գիտենք»,- ասել է Զախարովան:
Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը բոլոր հնարավոր միջոցներով փորձել է բանակցությունների սեղանի շուրջ կարգավորել Անկարայի հետ ունեցած տարաձայնությունները:
«Որ կողմ նայում ես` Ղրիմ, Սիրիա, փախստականներ, ահաբեկչություններ, ազգային հարց և այլն: Ամենուր մենք տեսնում ենք թուրքական ղեկավարության բացարձակ ապակառուցողական դերը»,- ասել է Զախարովան:
Ընդ որում՝ նա կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում Անկարայի դիրքորոշման փոփոխության վրա հույս դնել պետք չէ, քանի որ Թուրքիայի իշխանությունները «բարդացնում են իրավիճակը»: Միևնույն ժամանակ, Մոսկվան, նրա խոսքով, կառուցողական է տրամադրված։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է 2015 թվականի նոյեմբերի 24-ից, երբ թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ինքնաթիռը։
Միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր՝ Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։