Բավ է պառակտվել
06-11-2014 16:27

ԲՀԿ քաղխորհրդի նիստն ավարտվեց.հանրահավաքներ են խոստանում

Քիչ առաջ ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում ավարտվեց  կուսակցության քաղխորհրդի նիստը, որին մասնակցում էին խմբակցության պատգամավորները, այդ թվում Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Ռուստամ Գասպարյանն ու Միքայել Մելքումյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրուցում Ստեփան Մարգարյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանությունից՝ նշելով, որ շուտով հայտարարություն կլինի մամուլի համար: Ուրիխանյանն էլ նշեց, որ նիստի ժամանակ որոշվել է համաժողովրդական շարժման շտաբների համար տրամադրել կուսակցության տարածքային շտաբները: «Երկու շաբաթվա ընթացքում այդ շտաբները կձևավորվեն, որոնց համար կուսակցության տարածքային գրասենյակները կտրամադրվեն: Բացի դրանից կստեղծվեն նոր գրասենյակներ այն վայրերում, որտեղ դրա կարիքը կա: Ոչ իշխանական ուժերի մեր գործընկերների, քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին խորհրդակցություններ են իրականացվել, առանձնացվել են պատասխանատուների խմբեր, որոնք երկշաբաթյա ժամկետում կուսակցության ղեկավարին կհայտնեն կատարած աշխատանքի մասին: Բացի դրանից գործունեություն է իրականացվելու սփյուռքի կազմակերպությունների հետ, իրականացվելու է իրավական աջակցություն քաղաքացիներին»,-ասաց Ուրիխանյանը:  Թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը, նա հորդորեց սպասել՝ նշելով, որ ոչ թե հանրահավաք է լինելու, այլ հանրահավաքներ: