Բավ է պառակտվել
28-10-2016 17:03

ԱՊՀ երկրների վարչապետների քննարկումները բուռն են եղել

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ա. Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ և ԵԱՏՄ օրակարգերում գտնվող մի շարք հարցեր:
Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում քննարկվել և հավանության են արժանացել մի շարք նախագծեր: Մասնավորապես, խորհուրդը հավանություն է տվել ԱՊՀ մարմինների 2017 թ. միասնական բյուջեի ու 2015թ. միասնական բյուջեի կատարողականի նախագծերին, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

Միաժամանակ խորհուրդը որոշում է կայացրել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում:
Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը կարճ ճեպազրույց է ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Վարչապետը նշել է, որ բանակցություններն ու քննարկումները բավական հետաքրքիր էին, և այս հարթակները հարմար են՝ հետխորհրդային երկրներում թե՛ շուկայի, թե՛ հետաքրքրությունների առումով կուտակված հարցերը քննարկելու համար:

«Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ քննարկումները բուռն էին և առարկայական, որովհետև Մաքսային օրենսգրքին էին վերաբերում: Քանի որ կային չլուծված հարցեր, պայմանավորվել ենք նոյեմբերի 15-ին նորից հանդիպել Մոսկվայում», - ասել է Կարեն Կարապետյանը: