07-10-2014 19:05

Զարուհի Փոստանջյանը՝ ՛՛բանդիտի որակավորում ունեցող՛՛ Լիսկայի, մարզպետ նշանակվելու մասին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, նշելով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնում բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) նշանակման վերաբերյալ իր նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը չի հրապարակվել ԱԺ կայքում:

Դիմումում ասվում է.

« 2014թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ, 52-րդ, 104.1-րդ հոդվածներով, պաշտոնապես Ազգային Ժողովի նախագահին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվամբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծ, որին կից ներկայացվել են նաեւ ներքոհիշյալ նյութերը՝
ա) հայտարարության նախագծի ընդունման հիմնավորումը,
բ) Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 9-րդ կայազորային քննչական բաժնի կողմից կատարված հարցման պատճեն,
գ) նշված հարցմանն ի պատասխան Սուրիկ Խաչատրյանի ձերբակալության եւ դատվածության մասին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքի պատճեն,
դ) Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործունեության մասին վկայող 2011թ. նոյեմբերի 15-ին http://www.aravot.am/2011/11/15/284437/ կայքում հրապարակված հոդվածի թղթային տարբերակը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 104.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի հայտարարություններն ընդունվում են Ազգային ժողովի որոշման ընդունման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ եւ 52-րդ հոդվածներով սահմանված կարգով: Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Ազգային ժողովի նախագահը ներկայացված նախագիծը երկօրյա ժամկետում դնում է շրջանառության մեջ՝ այն ուղարկելով՝ աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր:
Այսինքն, ըստ հիշյալ հոդվածի, Ազգային ժողովի նախագահը սույն հայտարարությունն ամենաուշը հոկտեմբերի 2-ին պետք է դներ շրջանառության մեջ: Ըստ այդմ՝ նախագիծը պետք է գրանցվեր աշխատակազմի կողմից Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցերի ռեեստրում եւ տեղադրվեր Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում: Սակայն մինչ օրս հայտարարության նախագիծը չի դրվել շրջանառության մեջ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտարարում եմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խոչընդոտում է իմ՝ որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի լիազորությունները:
Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ սույն դիմումին, միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու իմ իրավունքները եւ պատասխանատվության կանչել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին»: